ՈՒկրաինական բանակի հարձակումը ՌԴ Կուրսկի մարզում անսպասելի և անկանխատեսելի էր բոլորի համար: Սակայն խնդիրը ոչ թե անսպասելիության և անկանխատեսելիության մեջ է, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքի և հնարավոր հետևանքների գլոբալ ազդեցության մասին է: Իհարկե, տեսակետներն ու տեղեկատվությունն այնքան իրարամերժ են և հակասական, որ կռահել դեպքերի ընթացքը դառնում է բավականին դժվար: Արևմտյան կենտրոնները փառաբանում են ուկրաինական բանակի գործողությունները, ռուսական աղբյուրները այն համարում են ահաբեկչություն և արկածախնդրություն, որն ավելի է բարդացրել Կիևի վարչակարգի դրությունը: Չլինելով ռազմական հարցերով մասնագետ՝ ես, բնականաբար, չեմ կարող պատերազմական գործողությունների լուսաբանումը և գնահատականը տալ, բայց կփորձեմ որոշ պարզաբանումներ ներկայացնել քաղաքագիտական ասպեկտով:
Առաջին. 2022-ի պատերազմի սկսումից հետո բանակցային գործընթացի առաջին փորձերը չեզոքացվեցին:
Երկրորդ. ՌԴ պաշտպանության նոր նախարար Բելոուսովը վարկանիշային լուրջ անկում ապրեց, կարծես թե նրա նկատմամբ հանրային և վերնախավային շրջանակներում անվստահության մթնոլորտ է ձևավորվում:
Երրորդ. Վաշինգտոնում և Բրյուսելում պաշտոնապես քաջալերում և ողջունում են Զելենսկուն, իսկ փորձագիտական շրջանակներում թաքնահարույց տագնապ կա ռուսական տարածքներ մխրճված ուկրաինական զորամիավորումների ապագայի հարցով. արդյո՞ք տարօրինակ չէր այդքան հեշտ առաջխաղացումը և որքա ՞ն է իրական շրջապատման վտանգը:
Չորրորդ. Միջուկային գործոնը նորից առաջնային պլան է մղվել, կապված Զապորոժիեի ատոմակայանում հրդեհի և Կուրսկի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների հետ, որը հատկապես վախեցնում է եվրոպացիներին:
Հինգերորդ. Եթե Կուրսկի սցենարը Զելենսկին փորձի կրկնել Ղրիմում, որքանո՞վ է հնարավոր միջուկային զենքի կիրառումը:
Վեցերորդ. Զգալիորեն ավելացնելով ռազմաճակատի գիծը, Կիևում հաշվարկե՞լ են արդյոք դրա պահպանման ռազմատեխնիկական ռեսուրսների առկայությունը:
Յոթերորդ. Բրյուսելն ու Վաշինգտոնը ստիպված են լինելու մեծացնել ռազմական, տնտեսական և ֆինանսական մատակարարումների ծավալները, որն իրենց համար անցանկալի է մերձավորարևելյան սրացումների պատճառով. անցյալում պատերազմը երկու ճակատով միշտ էլ ավարտվել է պարտությամբ:
ՈՒթերորդ. Այսօր շրջանառվեց մի տեղեկություն, ըստ որի, Մոսկվայում հետախուզական ծառայությունները երկու շաբաթ առաջ տեղեկություն են ստացել հարձակման մասին: Եթե դա այդպես է, ուրեմն հնարավոր է «ծուղակ» գործողությունը ուկրաինական էլիտար ստորաբաժանումների համար:
Իններորդ. Եթե Կուրսկի մարզի տարածքները մնան ուկրաինական ռազմակալման տակ, ուրեմն դրանք Կիևն օգտագործելու է որպես առաջարկություն՝ «հաշտություն՝ տարածքային փոխանակումների միջոցով»:
Գարիկ Քեռյան